Վահան Տերյան…

All posts in the Վահան Տերյան… category

Վահան Տերյան..FATUM

Published March 10, 2012 by NoraGrig.

Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։

Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։

Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…

Վահան Տերյան…Տխրություն..

Published March 10, 2012 by NoraGrig.

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

Վահան Տերյան..

Published March 10, 2012 by NoraGrig.

Տխուր մեռան կապուտաչյա
Երազները երկնաշող.—
Գագաթներից ես ցած իջա
Անդունդները սիրտ մաշող…

էլ ոչ մի թև ինձ, չի տանի
Դեպի բարձունքն արծաթյա.
— Խենթ անկումիս գերեզմանի
Խավարներում ինձ գթա՛ …

Ցուրտ է դարձյալ, մութ՝իմ ուղին,
Սրտումս մահ և աշուն
Մոռացել եմ ես ամենքին,
Միայն քեզ եմ ես հիշում…

Միայն ք՛եզ եմ ես աղոթում,
Քո հրաշքին անպատիր. —
Հայտնըվի՛ր սև անապատում —
Ամոքիր ու ազատվիր…
***

Խաղաղ գիշերով դու կըզաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կրհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…

Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս…

Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված…
***

Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի,
Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած,
Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս,
Որ որոնածըդ բնավ չես գտնի…

Բայց դու կըգնաս, օ՜, դու չես կանգնի,
Վերջին լույսերը մեղմ կվախճանեն,
Վերջին հույսերդ կըդավաճանեն, —
Դու որոնածըդ բնավ չես գտնի…

Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի,
Սիրտըդ կըճչա, արդյոք ո՞ւր ես, կա՞ս,
Հողը կըգրկես և կըհեկեկաս. —
Ո՛չ,— կարձագանքվի,— բնավ չես գտնի…
***

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ անգին…

Ես մոլորված մի կրակ, ես անհաստատ մի հոսանք,
Վիհե՜ր, վիհե՜ր անհատակ — տրտմություն ու ափսոսանք։

Օտար, երկիր, օտար հող, թախիծով լի երազներ,
Անրջանքներ մեղմ մարող, անվերադարձ հիացքներ։

Քաղցր է մութը քո գրկում, լույսը սև է առանց քեզ.
Այնպե՜ս մեղմ ես դու գգվում, դու լուսեղեն ես այնպե՜ս։

Դու իջնում ես որպես հուշ, որպես ուրիշ կյանքի լույս,
Քո հայացքում կա անուշ մեղմություն ու արշալույս։

Սև գիշերն է գրկել ինձ, մութն է պատել իմ ուղին,
Քեզ եմ կանչում ես նորից, իմ հեռավո՛ր, իմ .անգին…
***

Վահան Տերյան..

Published March 10, 2012 by NoraGrig.

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե՛վ սիրում եմ քեզ, և՛ քեզ չըգիտեմ։
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,—
Ո՞վ ես դու, ո՞վ ես,— բնավ չըգիտեմ…
***

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
— Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր…
Ճառագայթներ, որ շողացին ու չկան,
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.
Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,
Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։
Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
— Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց…
***
Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
Սարերի արծաթե կատարներն է վառում,
Երբ մթնում կորչում են ծով ու հող…
Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…
***
Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արևից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի…
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես,—
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե…
***

Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան…
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին…
***
Քո մազերի ցնորական փայլը պայծառ,
Ժայռից իջնող ջրվեժի պես առատահոս,
Քո աչքերի խորությունը հրդեհավառ,
Ուր վառված են մութ ցանկության ջահեր անխոս
Քո ժպիտը թունոտ ծաղկանց բույրի նըման,
Որ տիրաբար արբեցնելով մահ է բերում,
Քո խենթ մարմնի սարսուռները երջանկության
Ախտաբորբոք արևներ են բոցավառում…
Թույլ տուր սուզվեմ քո աչքերի անդունդը մութ,
Թույլ տուր ծծեմ քո մազերի բուրմունքն անուշ,
Բորբոքիր ինձ քո հույզերով քաղցր ու անգութ,
Մարիր իմ մեջ, մարիր իմ մեջ ցընորք ու հուշ…

Վահան Տերյան…Հրաժեշտ..

Published March 10, 2012 by NoraGrig.

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

Վահան Տերյան…

Published March 10, 2012 by NoraGrig.

Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
Արդյոք կապրե՞ս…

Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
Արդյոք կըզգա՞ս…
***

Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։

Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…

Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…

Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի…
***
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Վահան Տերյան…

Published January 17, 2012 by NoraGrig.

Սիրտս ցավում է անցած,գնացած օրերիս համար,
-Մեկը շշուկով պատմում է կամաց,
Մեկը  իմ հոգին  տանջում է  համառ:
Այդ հուշերի  մեջ կա  մի քաղցր ցավ, մի թովիչ երազ,
-Մեկը  իմ սիրտը  փշրելով  անցավ
Ու  հեգնությունով  նայում է  վրաս:
Սակայն  չեմ   կարող նրան  ատել-սիրում եմ  նրան…
-Իմ  կյանքը  մի  նուրբ  մշուշ  է պատել,
Գուրգում է  ինձ  մի  լույս-հանգրվան…
Մեկը  իմ սիրտը  փշրելով  անցավ,
Օ, քաղցր  արբանք,
-Օրհնված  եք  դուք  սեր, ցնորք  ու  ցավ,
Օրհնավաշծ  եք  դուք  երկիր, երգ  ու  կյանք…

 

Վահան Տերյան,Էստոնական երգ…

Published January 16, 2012 by NoraGrig.

Երբ կհոգնես,կգազազես աշխարհից
Դարձիր  իմ մոտ, վերադարձիր  դու նորից,
Ցաված սիրտս միայն քեզնով է շնչել`
Չի  կամենալ նա վերստին քեզ տանջել:

Եթե  բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան,
Գուցե ես լամ բախտիդ  համար , իմ անգին,
Սակայն դարձիր,վերադարձիր դու կրկին:

Եթե հեռվում ճակատագիրն  անհոգի
Սիրտդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ,գիտեցիր,իմ հոգին էլ կցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

Follow

Get every new post delivered to your Inbox.